Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Առասպելներ ատամների իմպլանտացիայի մասին

Առասպելներ ատամների իմպլանտացիայի մասին

Ատամների իմպլանտացիան արդեն 50 տարվա պատմություն ունի: Այդ ժամանակահատվածում բավական փորձեր, բացասական հետևանքներով վիրահատություններ են կատարվել, շատ սխալներ են եղել: Հատկապես, դրա համար էլ միայն փորձառու մասնագետները կարող են 100%-ոց երաշխիք տալ իրենց կատարած աշխատանքի համար:

 

Այնուամենայնիվ, պացիենտների կողմից դեռևս որոշ անվստահություն կա այս բուժգործողության նկատմամբ: Փորձենք  պարզել իմպլանտացիայի մասին առավել շատ ծանոթ առասպելները:

 

Իմպլանտացիան շատ ցավոտ է

 

Իմպլանտի տեղադրումը ոսկրային հյուսվածքում, իհարկե, անցկացվում է անզգայացման ներքո: Բավական է միայն մեկ ներարկում, որպեսզի մարդը ոչինչ չզգա: Կարելի է նաև խորը անզգայացում կատարել` պացիենտի ցանկությամբ: Հակառակ տարածված կարծիքի, ծնոտի ոսկորը, որտեղ տեղադրվել է իմպլանտը, նյարդային ռեցեպտորներ չունի և այդ պատճառով էլ այն չի կարող ցավել: 

 

Վիրահատությունից հետո, բնականաբար, սննդի ծամելու հետ կապված որոշ անհարմարություններ կլինեն, սակայն ճիշտ խնամքի և բժշկի բոլոր հանձնարարականների կատարման դեպքում, հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել:

 

Որպես կանոն, իմպլանտատ տեղադրելուց հետո բոլոր տհաճ զգացողությունները սահմանափակվում են կարերի հատվածում ոչ մեծ անհարմարավետության զգացումով:  

 

Շատ երկար է տևում

 

Մեկ իմպլանտատի տեղադրման համար, որպես կանոն, պահանջվում է 20-40 րոպե: Հետո սովորաբար պետք է անցնի 2-3 ամիս, որի ընթացքում իմպլանտատը սերտաճում է, իսկ մինչ այդ բժիշկը պատրաստում է իմպլանտատի ատամնապսակը: Չնայած իմպլանտատի սերտաճման համար 2-3 ամիսը  համարվում է դասական ժամանակահատված, ժամանակակից իմպլանտատները և որոշ կլինիկական իրավիճակներ հնարավորություն են տալիս ատամնապսակներ պատրաստել իմպլանտ տեղադրելու հենց հաջորդ օրը: Ամեն ինչ պայմանավորված է ոսկրի մեջ տեղադրման պահին իմպլանտատի ֆիքսացիայով: Որքան պինդ «նստի» իմպլանտատը ոսկրի մեջ, այնքան շուտ հնարավոր կլինի անցնել պրոթեզավորմանը: Այնպիսի դեպքերում, երբ ատամները վաղուց են հեռացվել, կամ էլ պացիենտի անատոմիական որևէ առանձնահատկության պատճառով ծնոտոսկրը լրջորեն վնասվել է (ատրոֆիա), հնարավոր է, որ իմպլանտատ դնելը մի քիչ ձգձգվի: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ անհրաժեշտ է սկզբից ոսկոր աճեցնել այնտեղ, որտեղ այն չի բավականացնում, այսինքն ոսկրային պլաստիկա կատարել: Նման դեպքերում վերջնական արդյունքի ժամկետները փոփոխվում են: 

 

Օրգանիզմը վանում է իմպլանտները 

 

Իմպլանտները չեն սերտաճում միայն 2% դեպքերում և, միայն այն պատճառով, որ մարդու մոտ կամ ալերգիա է առաջացել մետաղական առարկայի նկատմամբ, կամ սխալ տեղադրման հետևանքով: Իմպլանտը պատրաստվում է տիտանից, նյութ, որին մեր օրգանիզմը չի ընդունում որպես օտար մարմին:  Ողջ աշխարհում բժիշկ-իմպլանտոլոգների ավելի քան 30 տարվա փորձը ցույց է տալիս, որ իմպլանտատների 98%-ը սերտաճում է և ծառայում է մարդուն 25 տարուց ավելի: Հատկապես, դրա համար էլ վանման տոկոսն այնքան էլ մեծ չէ:

 

Չափից ավելի թանկ արժե

 

Իմպլանտացիան, իրոք, այնքան էլ մատչելի բուժգործողություն չէ: Սակայն հարկ է հաշվի առնել, որ իմպլանտը լիովին կատարում է առողջ ատամի ֆունկցիան, դրա համար էլ, կարծում ենք, արժե և մի քիչ ավելին վճարել: Ճիշտ խնամքի դեպքում իմպլանտները ծառայում են ամբողջ կյանքում, ինչը չի կարելի ասել մնացած այլ պրոթեզների մասին, որոնց ծառայության առավելագույն ժամկետը 10 տարի է: Ընդ որում, այդ տարիների ընթացքում հարկ է բազմաթիվ անգամներ այցելել ատամնաբույժին` պրոթեզի շտկման համար: Իսկ վերջնական տեղադրումից հետո, իմպլանտներն ամենևին էլ ոչ մի անհարմարություն չեն պատճառում:

 

Իմպլանտները նման են սովորական պրոթեզներին

 

Այդպես կարող են կարծել միայն այն անձինք, ում չի հետաքրքրում սեփական ատամների առողջությունը: Իմպլանտները, ի տարբերություն սովորական պրոթեզների, օժտված են մի շարք առավելություններով.

 

  • իմպլանտով կարելի է փոխարինել միայն մեկ ատամը, առանց վնասելու հարևան ատամներին:
  • Իմպլանտը հեռացրած ատամի տեղում թույլ է տալիս պահպանել ոսկրային հյուսվածքը:
  • Իմպլանտները թույլ են տալիս լիովին վերականգնել կորցրած ատամնաշարը, ինչպես շարժական, այնպես էլ մշտական պրոթեզների դեպքում:
  • Ատամնաշապիկների տակ, որոնց հիմքում իմպլանտներն են, սննդի մնացորդներ չեն հավաքվում:

 

Մեզ մոտ դեռևս չեն կարողանում ճիշտ տեղադրել իմպլանտներ 

 

Շատ ատամնաբույժներ հաճույքով են ընդօրինակում արտասահմանյան գործընկերների փորձը և կատարելագործվում են  որակավորման բարձրացման կուրսերում կամ վարպետության դասընթացներում: Դա բավական դյուրին է ստուգել. շատ ատամնաբուժարաններում պատերին փակցված են կլինիկայի բժիշկների դիպլոմները: Ավելին, մեզ մոտ արդեն մեծ քանակությամբ նման վիրահատություններ են կատարվել: Կարևոր է գտնել այն բժշկին, ով լավ փորձ և դրական հանձնարարականներ ունի: Այդ դեպքում բոլոր կասկածները կվերանան:

 

Իմպլանտացիան բազմաթիվ տհաճ հետևանքներ ունի

 

Իմպլանտացիայից հետո հետևանքների ցուցակն, իրոք, մեծ է: Սակայն դա  ամենևին էլ չի նշանակում, որ դրանք բոլորը հենց ձեզ են վերաբերում: Կարիեսի բուժման դեպքում նույնպես կարող են մի շարք բարդություններ առաջանալ, սակայն մենք այդ մասին, չգիտես ինչու, չենք մտածում: Եթե բժիշկը մեծ զգուշությամբ և ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի անցկացվող վիրահատությանը, իսկ պացիենտը կարողանա կատարել բոլոր ցուցումները, վիրահատությունից հետո բացասական հետևանքներ չեն առաջանա:

 

Բոլորին չէ, որ կարելի է իմպլանտատ տեղադրել. հակացուցումները  շատ են:

 

Իմպլանտատ տեղադրելու համար բացարձակ հակացուցումներ չկան: Ժամանակավոր հակացուցում կարող է լինել հղիությունը: Իմպլանտացիայի առումով մի քիչ զգույշ պետք է լինեն ներքին օրգանների համակարգային հիվանդություններ ունեցող մարդիկ (շաքարային դիաբետ, հիպերտոնիա), ինչպես նաև նրանք, ովքեր կախվածություն ունեն իրենց վնասակար սովորություններից (ծխել, ալկոհոլ): Չնայած այս ամենն ամենևին չի նշանակում, թե իմպլանտացիան նման պացիենտներին հակացուցված է: Պացիենտի ճիշտ վարման դեպքում, վիրահատությունից հետո, նույնիսկ շաքարային դիաբետի ծանր ձևի դեպքում, բոլոր իմպլանտատները սերտաճում են և հիանալի կատարում իրենց գործառույթը:

 

Իմպլանտացիայի հակացուցումների երկու տեսակ գոյություն ունի: Առաջին խմբին է դասվում ՁԻԱՀ-ը, շաքարային դիաբետը, արյան  մակարդելիության խանգարումները, ուռուցքաբանական և սրտի հիվանդությունները: Մնացած բոլոր հակացուցումները ժամանակավոր են: Եթե քրոնիկական ինչ-որ հիվանդություն  սրացման փուլում է, անհրաժեշտ է պարզապես որոշ ժամանակ սպասել, մինչև պացիենտն իրեն ավելի լավ կզգա: Այնպես որ, իմպլանտացիայի դեպքում հակացուցումներն այնքան էլ շատ չեն:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ